Սողոմոնի Տաճարը

Սողոմոնի տաճարի մասին հիշատակում են Թագավորությունների և Մնացորդաց գրքերը, Հովսեփիոս Փլավիոսի «Հուդայական Պատերազմ» գիրքը V, V, 5։ Այս աղբյուրներում տաճարի վերաբերյալ տեղեկությունները շատ մանրամասն են, սակայն որոշ տեղերում Թագավորությունների գրքերի տեղեկությունները տարբերվում են Մնացորդաց գրքերից։ Այդուհանդերձ նախընտրելի են Թագավորությունների գրքերի տեղեկությունները, քանի որ Մնացորդաց գրքերը ազդվել են հետագայի տեղեկություններից, որոնք վերաբերում են Զորոբաբելի տաճարին։

Տիրոջ համար տաճար կառուցելը Դավիթ թագավորի երազանքն էր (Բ Թագ. 7։1-7), սակայն այդ երազանքը չի իրականանում, քանի որ Աստված Նաթան մարգարեի միջոցով նրան արգելում է. «Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ և ասաց. “Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. այսպես է ասում Տերը “Դու ինձ համար բնակվելու տուն չպետք է շինես…”» (Բ Թագ. 7։4-5)։ Սակայն Դավիթը այդ գաղափարից չի հրաժարվում և նախապատրաստում է տաճարի կառուցումը, ընտրում է արհեստավորներին, հավաքում է շինարարական նյութը, սակայն նա մահանում է և նրա ծրագիրը չի իրականանում։

Այդ գործը շարունակում է Դավթի որդին՝ Սողոմոնը։ Սողոմոնը տաճարի կառուցման գործողությունները սկսում է իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսին (Զի=Ապրիլ-Մայիս)։ Տաճարի կառուցումը ավարտվում է Սողոմոնի թագավորության 11-րդ տարվա 8-րդ ամսին (Բուլ=Հոկտեմբեր-Նոյեմբեր)։ Արդ՝ տաճարի ավարտի համար պահանջվեց յոթը տարի (Գ Թագ. 6։37-38)։

Տաճարի կառուցման հիմնական աշխատուժը իսրայելացիներն էին, սակայն արհեստավորները փյունիկեցիներն էին։ Նույնիսկ Սողոմոնին օգնող հայտնի ճարտարապետ Քիրամը փյունիկեցի էր, որի մայրն իսրայելացի էր. «Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր» (Գ Թագ. 7։14)։ Տաճարի կառուցման վայրը Իսահակի զոհաբերության լեռն էր։ Սողոմոնը տաճարի կառուցման համար համաձայնության է գալիս Տյուրոսի Քիրամ արքայի հետ՝ Լիբանանից փայտ տեղափոխելու համար (Գ Թագ. 5), իսկ քարը Երուսաղեմի մոտակայքից էին տեղափոխում. «Արքայի հրամանով տան հիմքի համար բերեցին մեծ ու ընտիր ապառաժ քարեր, անտաշ քարեր» (Գ Թագ. 5։17)։

Տաճարը մինչև առաստաղը կառուցվել է «սպիտակ քարից», բարձրությունը և երկարոթյունը 27 մետր էր, լայնությունը՝ 9 մետր։ Ըստ Հովսեփիոս Փլավիոսի տաճարի ընդհանուր բարձրությունը 54 մետր էր։

Տաճարն ուներ երկու գավիթներ։ Դեպի առաջին գավիթ մուտքը (արտաքին գավիթ) հնարավոր էր միայն Արևելյան դռնից։ Երկրորդը ներքին գավիթն էր, որ նախատեսված էր հանրային պաշտամունքի, ինչպես նաև մարգարեների քարոզության համար։ Ներքին գավթում կառուցված էր Զոհասեղանը և Պղնձե ավազանը։ Զոհասեղանը 9 մետր երկարություն ուներ, իսկ լայնությունը 4,5 մետր էր։ Աքազ թագավորի ժամանակ (ն. Ք. 733-718) Զոհասեղանն ամբողջովին ավերվել է և նույն տեղում նորն է կառուցվել։ Պղնձե ավազանը մի մեծ ջրի ավազան էր, որը գտնվում էր Զոհասեղանի արևմտյան մասում։ Տրամագիծը 4,5 մետր էր, բարձրությունը՝ 2,25 մետր։

Տաճարում կային նաև այլ կարևոր շինություններ, որոնց համար օգտագործվում են հետևյալ եզրերը՝ Ուլամ=Նախագավիթ, Խեկալ=Տաճար, Կիռ/Կիռոթ=պատ, պատեր, Դավիռ=Սրբություն Սրբոց, Գանձանակ և այլն։

Տեր Գաբրիել քհն. Վարդանյան