Սամարիա

Մայրաքաղաք, թագավորություն, նահանգ

Սամարիան Իսրայելի Հյուսիսային թագավորության մայրաքաղաքն էր: Գտնվում էր Երուսաղեմից 56 կմ հյուսիս, ծովի մակարդակից 430 մ բարձրության վրա, Եգիպտոսն ու Հուդան կապող գլխավոր առևտրային Via Maris ուղուց ոչ հեռու:

Սամարիան գտնվում էր առևտրական ճանապարհի վրա, որն անցնում էր Իսրայելի միջով:

Սամարիան հիմադրվել է մոտավորապես Ք. ա. 880 թ. Ամրի թագավորի կողմից։ Այն տեղակայվել է լեռան վրա, որը Իսրայելի թագավորներից Ամրին գնել է Սամեր անունով մի մարդուց և լեռն անվանել է Սեմերոն (Գ Թգ 16.24):
Սամարիան հանդիսացել է Իսրայելի թագավորների նստավայրը (Գ Թգ 16.29, 20.43 ևն): Քաղաքի կառուցման աշխատանքները Ամրիից հետո շարունակել է նրա որդի Աքաաբ թագավորը, որը թագավորել է Սամարիայում 22 տարի (Գ Թգ 16.29): Ամրի, Աքաաբ, Հեու, Հովաքազ և Հովաս արքաները թաղվել են Սամարիայում (Գ Թգ 16.28, 22.37, Դ Թգ 10.35, 13.9, 13.13):

Ըստ Հինկտակարանյան բնագրի՝ Սամարիայում իշխող թագավորներից մի քանիսը սպանվել են նոր թագավորների կողմից: Այսպես, Աքաաբ թագավորը, իր յոթանասուն որդիները և ողջ ցեղը պատժվել է Տիրոջ կողմից ընտրված Հեուի միջոցով, որն օծվում է Սամարիայի թագավոր։ Դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի Աքաաբի մասին ասված Տիրոջ խոսքը, որ հայտնել էր Եղիսեե մարգարեի միջոցով (Դ Թգ 10.1-17): Թերսայից Մանայեմը Սամարիայում սպանում է Սեղղումին և նրա փոխարեն թագավորում (Դ Թգ 15.14): Մանայեմի որդի Փակեա արքային Աստված պատժում է նրա զորապետ Փակեեի ձեռքով, որն էլ թագավոր է դառնում Սամարիայում (Դ Թգ 15.25):

Սամարիան նստավայր էր նաև մի շարք մարգարեների, այդ թվում Եղիսեե (Դ Թգ 5.3) և Օվդեդ մարգարեների (Բ Մն 28.8-9):

Որպես Իսրայելի մայրաքաղաք՝ Սամարիան հաճախ զուգահեռվում է Երուսաղեմի՝ Հուդայի մայրաքաղաքի հետ (Դ Թգ 18.34-35, 21.13, Ես 10.11, 36.19, Եր 23.13-14, Եզկ 16.46, Մք 1.1):

Սամարիան երկու անգամ պաշարվել է ասորիների կողմից (Գ Թգ 20, Դ Թգ 6.24-7.20), սակայն Տիրոջ օգնությամբ ազատվել թշնամիներից: Սակայն Ասորեստանի արքաներից Սաղմանասարին հաջողվում է երեք տարի պաշարելուց հետո գրավել Սամարիան և գերի տանել իսրայելացիներին Օվսեե արքայի թագավորության 9-րդ տարում (Դ Թգ 17.5-6//18.9-10), այնուհետև իսրայելացիների փոխարեն այնտեղ բնակեցնել Բաբելոնից, Այայից, Եմաթից և այլ քաղաքներից բերված մարդկանց (Դ Թգ 17.24, Եզր 4.10):
Սամարիայի անկումից հետո Իսրայելի թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց, որից հետո նախկին թագավորության ողջ տարածքը անվանվել է Սամարիա:

Քրիստոնեական դարաշրջանի սկզբում Սամարիան արևմտյան Պաղեստինի կենտրոնական տարածքն էր՝ հյուսիսից Գալիլեայի և հարավից Հուդայի միջև (Հհ 4.3-4): Հերովդես արքան վերականգնել է քաղաքը և վերանվանել Սեբաստե (այսինքն՝ կայսերական, օգոստոսափառ): Այնտեղ դեռևս ապրում էին հրեաների խառը ամուսնություններից ծնված սերունդները, որոնք թեև իրենց աստվածապաշտներ էին համարում, բայց Հուդայի հրեաները ատում և արհամարհում էին §սամարացիներին¦: Քրիստոս, իր քարոզչության ընթացքում, փորձեց արմատախիլ անել այդ ատելությունը հրեաների միջից (Ղկ 9.52-56), որպես օրինակ՝ բարի սամարացու առակը պատմեց (Ղկ 10.28-37), բուժեց սամարացի մի բորոտի, ով ի տարբերություն բուժված հրեաների՝ Նրան իր երախտագիտությունը հայտնեց (Ղկ 17.16-18), մի սամարացի կնոջից ջուր խնդրեց (Հհ 4.9), լսեց սամարացիների աղաչանքները և երկու օր նրանց մոտ մնաց (Հհ 4.40): Հիսուսի համբարձումից հետո Երուսաղեմում առաքյալները առաջինը Սամարիայից լսեցին Աստծու խոսքն ընդունելու մասին լուրը (Գրծ 1.14)։

Մինչ օրս սամարացիների մի փոքրիկ խումբ է ապրում Նաբուլուսում (Նեապոլիս) և Յաֆֆայում: Նրանց պաշտամունքի վայրը Գարիզին լեռն է:

Գրականություն

Dictionary of Proper Names and Places in the Bible, pg. 325, Dictionary of the Bible, Michigan, 2000, pg pg. 1157, Աստվածաշնչի հանրագիտարան, Եր., 1999, էջ 274:

Շուշան Կարապետյան