Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

ՄԵՐ ՄԱՍԻՆ | Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը հիմնվել է 1991 թվականին: Ընկերությունը 1999 թվականից ՄԱԸ-ի լիարժեք անդամ է:

Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը հիմնադրվել է 1991թ.՝ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Միացյալ աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչների կողմից համաձայնության հուշագրի ստորագրությամբ, որը միտված է Հայաստանում Աստվածաշնչի թարգմանությանը, հրատարակությանը և տարածմանը: Աստվածաշնչային ընկերությունն իր առաքելությունն իրականացնում է բոլոր եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

ՀԱԸ-ի առաքելությունն է թարգմանել, հրատարակել, տարածել Աստվածաշունչը՝ հորդորելով մարդկանց բացելու իրենց ներաշխարհը դեպի Աստծու կանչը, որ Աստծու Խոսքը թափանցի նրանց սրտերը, սնուցի և զորացնի նրանց հոգիները: Ընկերությունը ծավալում է նաև Ս. Գրքին առնչվող գրականության թարգմանության աշխատանք՝ հարստացնելու Աստվածաշնչի մասին ընթերցողի գիտելիքների պաշարը՝ հող նախապատրաստելով ճշմարիտը գիտակցելու, Աստծու կենդանի Խոսքի խորհուրդը ըմբռնելու, Աստվածաշնչի էջերից հառնող զանազան առաքինություններով՝ հավատով և սիրով, ողջախոհությամբ և խոնարհությամբ զարդարվելու համար: ՀԱԸ-ի գործունեության նպատակն է քարոզել քրիստոնեական պատգամը, որպեսզի ամեն ոք ճանաչի այն: ՀԱԸ գործակից է ՄԱԸ-ի համաշխարհային առաքելությանը:

Անցած երկու տասնամյակների ընթացքում ՀԱԸ-ի կողմից թարգմանվել և լույս են ընծայվել բազմաթիվ Ասվածաշնչեր և աստվածաշնչային թեմաներով գրքեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանկական աստվածաշնչային գրականությանը:

Ընկերությունն իր գործունեության մեջ ներառել է նաև Ս. Գրքին առնչվող հանրագիտարանային, գիտական գրականության հրատարակության ոլորտը:

Աստվածաշնչի տարածման գործում ներառվել են հասարակության ամենատարբեր խավերը, բայց մասնավոր ուշադրություն է դարձվել երեխաներին, երիտասարդներին, ուսուցիչներին, սահմանամերձ գյուղերի ազգաբնակչությանը, հիվանդներին, զինվորներին, ազատազրկյալներին:

ՀԱԸ-ի գործունեության հիմնաքարը հանդիսանում է արդիականի, էկումենիկի և համաշխարհայինի զուգորդումը ավանդականին, ազգայինին ու տեղականին:

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ