Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ՍԻՐՈՒՑ ԲՌՆԿՎԱԾ, Սբ. Պորֆիրիոսի կյանքը և խոսքը

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Քրիստոսը ուրախությունն է, ճշմարիտ լույսը, երջանկությունը: Քրիստոսը մեր հույսն է: Քրիստոսի հետ կապը սերն է, փափագը, ոգեշնչումը, ձգտումը դեպի աստվածայինը: Քրիստոսն ամեն ինչ է: Նա մեր սերն է, մեր փափագը: Քրիստոսի հանդեպ սերն անկողոպտելի է: Այդտեղից է բխում ուրախությունը:

Ուրախությունը Քրիստոսն Ինքն է: Դա մի ուրախություն է, որը քեզ ուրիշ մարդ է դարձնում: Դա հոգևոր խելագարություն է, բայց՝ ի Քրիստոս: Դա հոգևոր գինի է, որն արբեցնում է, ինչպես անապակ գինին: Ինչպես Դավիթն է ասում. «Գլուխն իմ օծեցիր յուղով, քո բաժակը՝ իբրև անապակ գինի, արբեցրեց ինձ» (Սաղմ. 22[23].5): Հոգևոր գինին անխառն է, անապակ, չափազանց թունդ, ու երբ խմում ես, արբեցնում է: Այդ աստվածային արբեցումը Աստծո նվեր է, որ տրվում է սրտով մաքուրներին (Մատթ. 5.8):

Ի՞նչ է դրախտը: Դրախտը Քրիստոսն է: Դրախտն այստեղից է սկսվում: Միանգամայն նույնն է. ովքեր այստեղ՝ երկրի վրա, ներապրում են Քրիստոսին, ներապրում են դրախտը:

Մեր անելիքն է ջանալ միջոց գտնել՝ մուտք գործելու Քրիստոսի լույսի մեջ: Դա արտաքին ձևերը պահպանելը չէ: Բուն խորհուրդը Քրիստոսի հետ լինելն է, մեր հոգիների արթնանալն ու Քրիստոսին սիրելը, սուրբ դառնալն ու աստվածային սիրուն տրվելը: Այդ ժամանակ Նա էլ մեզ կսիրի: Այդ ժամանակ ուրախությունն անկողոպտելի կլինի: ... Այդ ուրախությունը Քրիստոսի նվերն է:

Քրիստոսը կյանքն է, կյանքի աղբյուրը, ուրախության աղբյուրը, ճշմարիտ լույսի աղբյուրը. ամեն ինչ: Ով սիրում է Քրիստոսին և ուրիշներին, ճշմարտապես ապրում է կյանքը: Կյանքն առանց Քրիստոսի մահ է, դժոխք է, կյանք չէ: Ահա թե ինչ է դժոխքը. դա սիրո բացակայությունն է: Կյանքը Քրիստոսն է: Սերը Քրիստոսի կյանքն է: Կա՛մ կյանքի, կա՛մ մահվան մեջ ես լինելու: Ընտրությունը քոնն է:

Մեր նպատակը թող մեկը լինի՝ սերը դեպի Քրիստոսը, դեպի Եկեղեցին, դեպի մերձավորը: Աստծուն սիրելը, պաշտելը, ծարավի լինելը, Քրիստոսի և Եկեղեցու հետ միությունը դրախտ է երկրի վրա: Քրիստոսի հանդեպ սերը սեր է և մերձավորի հանդեպ, բոլորի, նույնիսկ թշնամիների հանդեպ: Քրիստոնյան սրտացավ է բոլորի համար, ուզում է, որ բոլորը փրկվեն, որ բոլորը ճաշակեն Աստծո արքայությունը:

Սիրենք Քրիստոսին, և մեր միակ հույսն ու մտածմունքը Նա՛ լինի: Սիրենք Քրիստոսին միմիայն ի սեր Նրա: Ո՛չ երբեք ի սեր մեզ: Թող մեզ դնի այնտեղ, որտեղ ցանկանում է: Թող մեզ տա այն, ինչ կամենում է:

Փորձում եմ անձնատուր լինել Աստծո սիրուն և ծառայությանը: Գիտակցում եմ իմ մեղսականությունը, բայց ապրում եմ հույսով: Չի կարելի հուսահատվել, որովհետև հուսահատվածը տրտմության մեջ կորցնում է կամքն ու ուժը: Եվ հակառակը՝ ով հույս ունի, առաջ է գնում, որովհետև հասկանում է, որ աղքատ է, և ջանում է հարստանալ: Աղքատն ի՞նչ է անում: Եթե խելամիտ է, հարստանալու միջոց է փնտրում:

Սրանով եմ տարված: Ջանում եմ Քրիստոսին սիրելու ուղիներ գտնել: Այդ սերն անհագ է: Որքան սիրում ես Քրիստոսին, այնքան մտածում ես, թե չես սիրում Նրան, և է՛լ ավելի ես փափագում սիրել: Ինքդ էլ չզգալով՝ գնում ես ավելի վե՜ր, ավելի վե՜ր:

Երբ գտնում ես Քրիստոսին, գոհանում ես, ուրիշ ոչինչ չես ուզում, խաղաղվում ես: Ուրիշ մարդ ես դառնում: Ապրում ես ամենուր, որտեղ Քրիստոսն է: Ապրում ես աստղերի, անսահմանության մեջ, երկնքում՝ հրեշտակների, սրբերի, երկրի վրա՝ մարդկանց, բույսերի, կենդանիների հետ, ամեն մեկի ու ամեն ինչի հետ: Քրիստոսի հանդեպ սիրո կողքին միայնությունն անհետանում է: Դու խաղաղ ես, ուրախ, լիացած: Չկա ո՛չ տրտմություն, ո՛չ հիվանդություն, ո՛չ ճնշում, ո՛չ անհանգստություն, ո՛չ հուսահատություն, ո՛չ տանջանք: Քրիստոսը բոլոր մտքերիդ, բոլոր գործերիդ մեջ է:

Երբ Քրիստոսը մտնում է սրտի մեջ, կյանքը փոխվում է: Քրիստոսն ամեն ինչ է: Ում ներսում բնակվում է Քրիստոսը, նա զգում է բաներ, որոնք անպատմելի են. սուրբ և նվիրական բաներ: Նա ցնծության մեջ է ապրում: Այդպես է:

Երբ Քրիստոսը մտնում է սրտի մեջ, կրքերն անհետանում են: Դու ընդունակ չես ո՛չ հայհոյելու, ո՛չ ատելու, ո՛չ վրեժ լուծելու, ո՛չ սրան, ո՛չ նրան...: Որտեղի՞ց ատելություն, հակակրանք, կշտամբանք, եսասիրություն, անհանգստություն ու վհատություն գտնվեն: Քրիստոսն է իշխում, և անշեջ լույսի հանդեպ ծարավը: Այդ ծարավը քեզ գիտակցել է տալիս, որ մահը կամուրջ է, որն անցնելու ես մի ակնթարթում՝ շարունակելու ի Քրիստոս կյանքը:

Սակայն երբ Քրիստոսով չես ապրում, մելամաղձության, թախիծի, անհանգստության ու սրտնեղության մեջ ես ապրում. ճիշտ չես ապրում: Այդ ժամանակ բազմաթիվ խանգարումներ են առաջանում նաև օրգանիզմում, որոնք ազդում են մարմնի վրա, ներծորող գեղձերի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի ֆունկցիայի վրա: Քեզ ասում են. «Առողջ լինելու համար առավոտյան կա՛թ խմիր, ձու, կարագ և երկու-երեք հատ չորահա՛ց կեր»: Բայց եթե ճիշտ ես ապրում, եթե սիրում ես Քրիստոսին, գեթ մեկ նարնջով ու մեկ խնձորով քեզ հետ ամեն ինչ կարգին է: Հզոր դեղամիջոցը Քրիստոսի ծառայությանն անձնատուր լինելն է: Ամեն ինչ բժշկվում է: Ամեն ինչ սկսում է կանոնավոր գործել: Աստծո հանդեպ սերն ամեն ինչ փոխում է, ամեն ինչ փոխակերպում, սրբագործում, նորոգում, գոյափոխում:

Մեր հոգին կատարյալ մխիթարություն կգտնի, երբ Տիրոջը փափագի: Այդ ժամանակ չենք տարվի առօրյա, ցածր բաներով, այլ հոգևոր, բարձր բաներով: Հոգևոր աշխարհում կապրենք: Երբ հոգևոր աշխարհում ես ապրում, ապրում ես ուրիշ աշխարհում, որը հավանում ու տենչում է հոգիդ: Բայցև մարդու հանդեպ անտարբեր չես. ուզում ես, որ նա ևս գտնի փրկությունը, լույսը, սրբագործումը: Ուզում ես, որ բոլորը մուտք գործեն Եկեղեցի:

Քրիստոսը հոգու ամենաբարձր փափագն է: Քրիստոսը բաղձանքի բարձրակետն է: Ավելի բարձր ոչինչ չկա: Զգայական ամեն ինչ ունի հագեցում, սակայն Աստծով հագեցում չկա: Նա ամեն ինչ է: Աստված բաղձանքի բարձրակետն է: Ուրիշ ոչ մի ուրախություն, ոչ մի գեղեցկություն, ուրիշ ոչինչ չի կարող չափվել Նրա հետ: Ի՞նչը կարող է բարձր լինել Ամենաբարձրից:

Քրիստոսի հանդեպ սերն ուրիշ բան է: Չունի վերջ, չունի հագեցում: Տալիս է կյանք, տալիս է ուժ, տալիս է առողջություն, տալիս է, տալիս է, տալիս է... Ու որքան տալիս է, այնքան ավելի է մարդն ուզում սիրել: Մինչդեռ մարդկային սերը կարող է կործանել մարդուն, մթագնել գիտակցությունը: Երբ սիրում ենք Քրիստոսին, մնացած բոլոր սերերը նահանջում են: Մնացած սերերը հագուրդ են գտնում: Քրիստոսի հանդեպ սերը հագուրդ չի գտնում: Մարմնական սերն ունի հագեցում: Դրան կարող են հաջորդել խանդը, վեճերը, մինչևիսկ սպանությունը: Կարող է ատելության փոխվել: Քրիստոսով եղած սերը չի փոխվում: Աշխարհիկ սերը երկար չի տևում ու կամաց-կամաց մարում է, մինչդեռ աստվածային սերն անդադար մեծանում ու խորանում է: Ուրիշ որևէ սեր կարող է մարդուն հուսահատության հասցնել: Բայց աստվածային սերը մեզ բարձրացնում է Աստծո տիրույթ, խաղաղություն, ուրախություն և լիություն է շնորհում մեզ: Ուրիշ վայելքները հոգնեցնում են, մինչդեռ այս վայելքից հնարավոր չէ հագենալ: Դա անհագ վայելք է, որից ոչ ոք երբեք չի խոնջանում: Դա բարձրագույն բարին է:

Այո՜, Քրիստոսի հանդեպ սերն անհագ է: Որքան սիրում ես Նրան, այնքան ավելի է քեզ թվում, թե չես սիրում, և ուզում ես է՛լ ավելի սիրել Նրան: Բայց միևնույն ժամանակ հոգիդ ողողվում է Նրա ներկայությամբ և անկողոպտելի ուրախությամբ ի Տեր: Այդ ժամանակ ուրիշ ոչինչ չես ուզում:

Սիրե՛ք Քրիստոսին, և Նա կսիրի ձեզ: Բոլոր ցավերը կանցնեն, կհաղթվեն ու կփոխակերպվեն: Այդ ժամանակ ամեն ինչ դառնում է Քրիստոսը, դառնում է դրախտ:

Ով քիչ է սիրում, քիչ է տալիս: Ով շատ է սիրում, շատ է տալիս: Ով անսահման է սիրում, ի՞նչ կարող է տալ. նա իր ա՜նձն է տալիս:

Դրախտը Աստծո երեսն ընդմիշտ տեսնելն է: Սա վեր է ծաղիկներից, էկզոտիկ թռչուններից, կարկաչահոս ջրերից, վարդերից և երկրագնդի վրա գոյություն ունեցող բոլոր գեղեցկություններից, վեր՝ բոլոր փոքր սերերից:

Երբ սիրում ես Քրիստոսին, ապա չնայած բոլոր թուլություններիդ ու դրանք գիտակցելուդ՝ ունենում ես այն համոզվածությունը, որ հաղթել ես մահին, քանզի հաղորդության մեջ ես Քրիստոսի սիրո հետ:

Քրիստոսին մեր ընկերը համարենք: Նա մեր ընկերն է: Նա ինքն է հաստատում դա՝ ասելով. «Դուք իմ ընկերներն եք...»: Նրան նայենք և մոտենանք որպես ընկերոջ: Ընկնո՞ւմ ենք, մեղանչո՞ւմ ենք. մտերմության, սիրո և վստահության զգացումով վազենք դեպի Նա: Ոչ թե վախով, որ կպատժի մեզ, այլ այն համարձակությամբ, որն ընկերոջ հետ լինելու զգացումից է գալիս:

Թող մեղքը մեզ չբաժանի Քրիստոսից: Երբ հավատում ենք, որ Քրիստոսը սիրում է մեզ, և մենք էլ Նրան ենք սիրում, Նրանից օտարացած և հեռացած չենք զգում, նույնիսկ երբ մեղանչում ենք: Քրիստոսի սերը մեզ համար հավաստի է, ու ինչպես էլ մեզ դրսևորենք, գիտենք, որ Նա սիրում է մեզ:

Հայացքդ անսասանորեն հառիր վե՛ր՝ դեպի Քրիստոսը: Մտերմացի՛ր Քրիստոսի հետ: Գործակի՛ց եղիր Քրիստոսին: Ապրի՛ր Քրիստոսով: Շնչի՛ր Քրիստոսով: Չարչարանակի՛ց եղիր Քրիստոսին: Ուրախացի՛ր Քրիստոսի հետ: Թող Քրիստոսը քեզ համար լինի ամեն ինչ:

Ոչ ոք չի կարող ժխտել, որ կյանքի լրումը Քրիստոսն է: Ովքեր մերժում են այս ճշմարտությունը, հոգով հիվանդ են և չար ոգով են բռնված: Նրանք մերժում են այն, ինչի պակասն ունեն: Սատանան էլ, նրանց հոգիները դատարկ գտնելով, ներխուժում է այնտեղ: Եվ ինչպես երեխան է հոգեկան խոր վերք ստանում, եթե կյանքում զրկվում է հորից ու մորից, այդպես էլ, և առավելապես, լինում է նրա հետ, ով զրկվում է Քրիստոսից և Աստվածամորից:

Երգ երգոցում հարսը Քրիստոս Փեսայի մասին ասում է. «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է: Իմ սիրեցյալն է, նրա ձայնն է. դուռն է բախում» (Երգ երգոց 5.2):
Հարսն արթուն է մնում ու Նրա մասին երազում: Թեկուզ քնած է, բայց իր հոգին Նրան է մղվում: Այսպիսով իր սերն ու կատարյալ նվիրումն է արտահայտվում: Նա միշտ իր մտքում, իր սրտում է, նույնիսկ երբ ինքը քնած է: Պաշտում է Նրան: Հասկանո՞ւմ եք: Պաշտելը ամբողջ հոգուց, ամբողջ սրտից պիտի բխի: Դա ի՞նչ է նշանակում. ձեր միակ մտածումը Աստված թող լինի: Սակայն Աստծո մասին մտածումը նման չէ մյուսներին: Ուրիշ է: Դա Քրիստոսին պաշտել, ծառայել է: Այդ մտածումը գերում ու զմայլում է: Ստիպողաբար չի լինում: Դու հոգևոր բավականություն ու հրճվանք ես զգում: Դա նման չէ դասին, որը երեխան սովորում է դպրոց գնալու համար: Նման է երկու հոգու միջև բուռն սիրո, բայց բարձր, հոգևոր սիրո:

Քրիստոնյայի հոգին նուրբ, զգայուն, ընկալունակ պիտի լինի, պիտի ճախրի, անվերջ ճախրի, երազների գրկում ապրի: Ճախրի անսահմանության մեջ, աստղերի մեջ, Աստծո մեծության մեջ, լռության մեջ: Ով ուզում է քրիստոնյա դառնալ, նախ պոետ պիտի դառնա: Սա է ամբողջը:

Երբ ասում ենք «սեր», նկատի ունենք ոչ թե առաքինությունները, որոնք ձեռք կբերենք, այլ սիրտը, որը համակված է սիրով դեպի Քրիստոսը և ուրիշները: Ամեն ինչ սրա՛ն ուղղենք:

Երբ սիրում ես Քրիստոսին, տքնում ես, բայց դա երանելի տքնություն է: Չարչարվում ես, բայց ուրախությամբ: Երկրպագություն ես անում, աղոթում ես, որովհետև դա ծարավ է, աստվածային ծարավ: Ե՛վ ցավ, և՛ ծարավ, և՛ ձգտում, և՛ փափագ, և՛ ցնծություն, և՛ ուրախություն, և՛ սեր: Երկրպագությունը, հսկումը, պահեցողությունը տքնություն է, որը կատարվում է հանուն Սիրելիի, տքնություն՝ հանուն Քրիստոսով ապրելու: Սակայն այդ տքնությունը ստիպողաբար չէ. չես զայրանում: Այն ամենը, ինչ պարտադրված ես անում, մեծապես վնասում է թե՛ քեզ, թե՛ քո աշխատանքին: Ճնշումն ու հարկադրանքը հակառակություն են առաջ բերում: Տքնությունը հանուն Քրիստոսի, ճշմարիտ ծարավը Քրիստոսի սերն է, զոհողությունն է, անձնազոհությունն է:

Քրիստոսը կանգնած է մեր հոգու դռան մոտ և բախում է, որ բացենք Իր առաջ, բայց ներս չի մտնում: Նա չի կամենում բռնանալ ազատությանը, որն Ինքն է մեզ տվել: Հայտնություն գրքում ասվում է. «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ» (Հայտ. 3.20): Քրիստոսն ազնվական է: Կանգնել է մեր հոգու դռան մոտ և մեղմ բախում է: Եթե բացենք Նրա առաջ, կմտնի մեր մեջ և կտա ամեն ինչ, հենց Իրեն, կտա լուռ, խորհրդավոր կերպով:

Առանց խոնարհության մենք չենք կարող սիրել Քրիստոսին:

Ամեն ինչ Սուրբ Գրքից է սկիզբ առնում:
2018 / Հունվար / 20
ԿԱՐԴԱԼ