Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Մեծ Պահք. ճամփորդություն դեպի Սուրբ Զատիկ

2. ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ
(Մաքսավորի և փարիսեցու կիրակի)
Հաջորդ կիրակին կոչվում է «Մաքսավորի և փարիսեցու կիրակի»: Դրա նախօրեին` շաբաթ երեկոյան ժամերգության ժամանակ, առաջին անգամ ընթերցվում է Մեծ պահքի ծիսամատյանից` Տրիոդիոնից, որից ընթերցումներ են կցվում Սուրբ Հարության մեկշաբաթյա արարողության շարականներին ու աղոթքներին: Այդ ընթերցումների առանցքն ապաշխարության հաջորդ հիմնական բաղկացուցիչն է` խոնարհությունը:
Ընթերցվում է Ավետարանի այն հատվածը (Ղուկ. 18.10-14), որտեղ պատմվում է մի մարդու մասին, որը միշտ գոհ է իրենից` կարծելով, թե կատարում է կրոնի բոլոր պահանջները: Նա ինքնավստահ և գոռոզամիտ է: Իրականում նա խեղաթյուրել է կրոնի նշանակությունը. այն դարձրել է ձևական և իր բարեպաշտությունը չափում է տաճարին նվիրաբերած գումարով: Ինչ վերաբերում է մաքսավորին, նա խոնարհեցնում է իր անձը, և այդ նրան արդարացնում է Աստծու առաջ: Եթե կա բարոյական մի հատկանիշ, որը գրեթե իսպառ անտեսված և նույնիսկ մերժված է այսօր, հարկավ, խոնարհությունն է: Արդի քաղաքակրթությունն անընդհատ հպարտության, ինքնամեծարման, ինքնագոհության զգացում է ներշնչում: Դրա հիմքում այն ենթադրությունն է, թե մարդը կարող է ինքնուրույն հասնել ամեն ինչի, իսկ Աստված իբր անընդհատ «հավանություն է տալիս» մարդու նվաճումներին ու բարի գործերին: Խոնարհությունը` անհատական թե ընդհանուր, էթնիկական թե ազգային, դիտվում է որպես թուլության նշան` անհարիր իսկական մարդուն: Արդյո՞ք նույնիսկ մեր եկեղեցիները համակված չեն փարիսեցու ոգով: Արդյո՞ք մենք չենք փափագում, որ մեր ամեն մի նվիրատվությունը, «բարի գործը», մեր բոլոր արարքներն «ի նպաստ եկեղեցու» իմացվեն, գովեստի արժանանան, հրապարակվեն:
Իսկ ի՞նչ է խոնարհությունը: Այս հարցի պատասխանը կարող է արտասովոր թվալ, որովհետև դրա հիմքում արտասովոր հաստատում է ընկած. Աստված Ինքը խոնարհ է: Սակայն ով ճանաչում է Աստծուն, ով Նրան պատկերացնում է Նրա արարչագործության և փրկարար գործերի մեջ, գիտի, որ խոնարհությունը աստվածային հատկանիշ է, որ էությունն ու լույսն է այն փառքի, որը, ինչպես երգում ենք Սուրբ պատարագի ժամանակ, լցնում է երկինքն ու երկիրը: Մարդկային մտածողությունը հակված է հակադրելու «փառքն» ու «խոնարհությունը»` վերջինը համարելով թուլություն կամ թերություն: Մեր պարագայում մեր տգիտությունը կամ անիրազեկությունն են մեզ խոնարհեցնում կամ պետք է խոնարհեցնեն: Գրեթե անկարելի է այսօրվա ինքնագոհ ու սնապարծ մարդուն «համոզել», որ այն, ինչ ճշմարտապես կատարյալ է, գեղեցիկ և բարի, միևնույն ժամանակ խոնարհ է, քանզի հենց իր կատարելության շնորհիվ այն ո՛չ «հրապարակայնության», ո՛չ արտաքին փառքի կամ «ինքնացուցադրման» կարիք ունի:
Աստված խոնարհ է, որովհետև կատարյալ է. Նրա խոնարհությունը Նրա փառքն է և ճշմարիտ գեղեցկության, կատարելության ու բարու աղբյուրը: Ով մոտենում է Աստծուն ու ճանաչում է Նրան, հաղորդակից է դառնում աստվածային խոնարհությանը և զարդարվում նրանով: Այդպիսին էր Մարիամը` Տիրամայրը, որի խոնարհությունը նրան դարձրեց ողջ արարչության ցնծությունը և գեղեցկության ամենամեծ հայտնությունը երկրի վրա: Այդպիսին են բոլոր սրբերն ու յուրաքանչյուր մարդ արարած` Աստծու հետ իր հաղորդակցության բացառիկ պահերին:
Ինչպե՞ս է մարդը դառնում խոնարհ: Քրիստոնյայի համար պատասխանը պարզ է. խորհելով Քրիստոսի մասին` իբրև մարմնացյալ աստվածային խոնարհության, Նրա, Ում միջոցով Աստված մեկընդմիշտ հայտնի դարձրեց Իր փառքը` որպես խոնարհություն, և խոնարհությունը` որպես փառք: «Այժմ մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց Նրանով»,- ասաց Քրիստոս ինքնաունայնացման գիշերը (Հովհ. 13.31): Խոնարհությունը սովորում են Քրիստոսից, որ ասաց. «Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11.29): Խոնարհությունը սովորում են` ամեն ինչում Նրան չափանիշ ունենալով, ամեն ինչ Նրան առնչելով, քանզի առանց Քրիստոսի ճշմարիտ խոնարհություն չկա, իսկ փարիսեցու պարագայում անգամ կրոնը դառնում է մարդկային նվաճումների համար պարծանքի առարկա, փարիսեցիական ինքնամեծարման ինչ-որ ձև:
Այսպիսով` Մեծ պահքն սկսվում է խոնարհության որոնումով, աղերսով, որը սկիզբն է ճշմարիտ ապաշխարության, քանզի ապաշխարությունն ամենից առաջ վերադարձ է դեպի ճշմարիտը: Ապաշխարության հիմքը խոնարհությունն է, և աստվածային ու սքանչելի խոնարհությունն է նրա արգասիքը: «Խույս տանք փարիսեցու վերամբարձ խոսքերից,- ասում է օրվա ընթերցվածը,- և հասկանանք մաքսավորի խոնարհ աղոթքի վեհությունը...»:
Հայր Ալեքսանդր Շմեման 2014 / Մարտ / 26
ԿԱՐԴԱԼ