Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՍԲ. ԳՐՔԻ

Աստվածաշունչը Հայաստանում օգտագործվել է դեռևս նախքան գրերի գյուտը։ Պատմագրական վկայությունները ցույց են տալիս, որ Աստվածաշնչի գրքերը բանավոր թարգմանությամբ են փոխանցվել։ Քրիստոնեության տարածման ժամանակներից մինչև 5-րդ դարի սկզբները Ավետարանը բանավոր կերպով է քարոզվել։ Սակայն ժամանակի հետ աճում էր գրավոր խոսքի անհրաժեշտությունը՝ հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներին հանգեցնելով այն եզրակացության, որ առանց հայերեն գրավոր Աստվածաշնչի անհնար է քրիստոնեությունն արմատավորել Հայաստանում։ Հայերեն այբուբենի ստեղծումից անմիջապես հետո Սբ. Մեսրոպ Մաշտոցն ու Սբ. Սահակ կաթողիկոսը ձեռնամուխ են լինում Աստվածաշունչը հայերեն թարգմանելու գործին։ Նրանց գործակցում են մի խումբ աշակերտներ։ Նախնական աղբյուրների համաձայն՝ Աստվածաշնչի հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարվել է երկու փուլով։ Առաջին թարգմանությունն արվել է գրերի գյուտից անմիջապես հետո՝ 407-412թթ. ընթացքում, եկրորդը՝ Եփեսոսի տիեզերական ժողովից (431թ.) հետո՝ 433-436թթ.։ Ըստ պատմիչ Կորյունի, հայոց այբուբենը ստեղծելուց և Սամոսատում հույն գեղագիր Հռոփանոսի օգնությամբ տառերը ձևավորելուց հետո Մաշտոցը նույն քաղաքում իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկում է Աստվածաշնչի թարգմանությունը՝ սկսելով Առակաց գրքից։ Նա թարգմանությունն ավարտում է Հայաստան վերադառնալուց հետո՝ Սբ. Սահակի գործակցությամբ։ Այդ նախնական փորձից հետո առաջին թարգմանիչներ Եզնիկ Կողբացին,  Հովսեփ Պաղնացին, Կորյունը, Ղևոնդը ուղարկվում են Եդեսիա և Կոստանդնուպոլիս՝ թարգմանական գործում հմտանալու։ Եփեսոսի ժողովից հետո աշակերտները 432թ. վերադառնում են Հայաստան և սկսում Աստվածաշնչի թարգմանության վերանայման երկրորդ փուլը՝ հետևելով հունարեն Յոթանասնից թարգմանությանը։ 5-րդ դարի երեսնական թվականներին հայերեն Աստվածաշնչի տեքստն արդեն հաստատված էր, ուստի և այն անվանվել է «Սահակ-Մեսրոպյան» թարգմանություն, որը հայոց եկեղեցու կանոնական և վավերական բնագիրն է։ Ըստ ձեռագիր վկայությունների և բնագրային քննության՝ Աստվածաշնչի որոշ գրքեր հայերեն թարգմանվել են հունարենից, որոշ գրքեր էլ՝ ասորերենից։

404-1666 թվականներին, Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից մինչև տպագրությունը, ընդօրինակվել են բազմահազար մատյաններ, որոնք զարդանկարվել են գրիչների ու ծաղկողների կողմից։ Մեզ հասած Ս. Գրքի ձեռագրի հնագույն օրինակները 12-րդ դարից են։ Հայկական ձեռագրերի մեջ հնագույն պատկերազարդ Աստվածաշունչը Երուսաղեմի մատենադարանի N 1925 ձեռագիրն է, որն ընդօրինակվել է 1269թ. Երզնկայում։

Փիլիպպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի օրոք Ոսկան վրդ. Երևանցին հայ հարուստ մեկենասների աջակցությամբ հայկական տպարան է հիմնում Ամստերդամում և 1666թ. հայերեն առաջին ամբողջական Աստվածաշնչի հրատարակությամբ սկիզբ դնում հայկական տպագրության ոսկեդարին։ Գրաբար Աստվածաշնչի երկրորդ հրատարակությունն իրականացնում է Մխիթարյան միաբանության անդամ Հովհաննես Զոհրապյանը՝ 1805թ.։ Աստվածաշնչի քննական հրատարակություն պատրաստելու պատիվը պատկանում է Արսեն Բագրատունուն, որն այն հրատարակել է 1860թ.։ 19-րդ դարի կեսերին գրաբարին վերջնականապես փոխարինում է աշխարհաբարը, որն Արարատյան և Կոստանդնուպոլսի բարբառների հիման վրա ճյուղավորվում է արևելահայերենի և արևմտահայերենի։ Գրաբարից արևելահայերեն է թարգմանվում և հրատարակվում Մատթեոսի Ավետարանը (1813թ.), ապա Նոր Կտակարանն ամբողջությամբ (1834թ.)։ Աբրահամ Ամիրխանյանցը Նոր Կտակարանը թարգմանելով հունարենից՝ այն տպում է 1882թ.։ 1883թ. նույն Ամիրխանյանցի ջանքերով լույս է տեսնում Աստվածաշնչի ամբողջական արևելահայերեն թարգմանության միահատոր առաջին տպագրությունը՝ հիմք ընդունելով եբրայերեն և հունարեն բնագրերը։ ՀԱԸ ձեռնարկել է այս թարգմանության խմբագրումը՝ ժամանակակից գրական արևելահայերենով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ՀԱԸ գործակցությամբ 1994թ. հրատարակվեց (վերատպ. 1999, 2001) հայր Արսեն Բագրատունու (Վենետիկ, 1860) պատրաստած Աստվածաշնչի աշխարհաբար թարգմանությունը։ Այն համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական անդրանիկ հրատարակությունը։ 1848թ. սկսված Աստվածաշնչի արևմտահայերեն թարգմանությունն իր լրումին հասավ 1853թ. Զմյուռնիայում, որից հետո վերատպվեց բազմաթիվ անգամներ։ Կան արևելահայերեն և արևմտահայերեն Նոր Կտակարանի բազմաթիվ տպագրություններ, որոնց մեջ իր բաժինն ունի ՀԱԸ։

Եվրոպացի հայագետ Լակրոզը, խոսելով Ս. Գրքի գրաբար թարգմանության մասին՝ այն կոչել է «Թագուհի թարգմանությանց»։ Այս գնահատականը, որը հաճախ կրկնված է ուրիշներից, երկու կողմ ունի։ Նախ՝ հայերեն թարգմանության ճշտությունը և հավատարմությունը՝ ուրիշ թարգմանությունների համեմատությամբ, երկրորդ՝ լեզվի և ոճի գեղեցկությունն ու վեհությունը։
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ