Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

Ընտրել շտեմարանից
ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ
Ջրգողով հիվանդի բժշկումը շաբաթ օրով
1 Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու, նրանք հետևում էին նրան։ 2 Եվ ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիվանդ մի մարդ կանգնեց։ 3 Հիսուսը պատասխանեց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինավո՞ր է, թե՞ ոչ»։ 4 Նրանք լուռ մնացին։ Հիսուսը, նրան բռնելով, բուժեց և արձակեց։ 5 Եվ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մեջ, իսկույն չի հանի այն շաբաթ օրով»։ 6 Եվ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։
Դաս՝ խնջույքի հրավիրվածներին
7 Հրավիրվածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թե ինչպես նրանք պատվավոր տեղերն էին ընտրում։ 8 Նրանց ասաց. «Երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի։ 9 Եվ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի՝ “Սրան տե՛ղ տուր”։ Եվ ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել։ 10 Այլ, երբ հրավիրվես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպեսզի, երբ քեզ կանչողը գա և քեզ ասի՝ “Բարեկա՛մ, ավելի վե՛ր մոտեցիր”, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես. 11 որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։
Հրավիրվածների ընտրություն
12 Իրեն հրավիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի։ 13 Այլ, երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին 14 և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»։
Մեծ խնջույքի առակը
(Մտթ. 22.1-10)
15 Երբ սեղանակիցներից մեկն այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ»։ 16 Եվ Հիսուսն ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին։ 17 Եվ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրավիրվածներին, թե՝ “Եկե՛ք, որովհետև ահա ամեն բան պատրաստ է”։ 18 Եվ ամենքը մեկ առ մեկ սկսեցին հրաժարվել։ Առաջինն ասաց. “Ագարակ գնեցի և պետք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր”։ 19 Մյուսն ասաց. “Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր”։ 20 Իսկ մյուսն ասաց. “Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ”։ 21 Ծառան եկավ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ տանտերը, բարկանալով, իր ծառային ասաց. “Իսկույն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրո՛ւ այստեղ”։ 22 Եվ ծառան ասաց. “Տե՛ր, ինչ հրամայեցիր, կատարվեց, և էլի տեղ կա”։ 23 Եվ տերը ծառային ասաց. “Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ և մարդկանց այստե՛ղ մտցրու, որպեսզի տունս լցվի”։ 24 Ասում եմ ձեզ, որ նրանցից ոչ ոք, ում հրավիրել էի, իմ ընթրիքից չի ճաշակի»։
Ղկ. 14.1-24։

Պողոսի ճանապարհորդությունը Մակեդոնիայում և Հունաստանում

1 Երբ ամբոխը հանդարտվեց, Պողոսը կանչեց աշակերտներին ու նրանց մխիթարելով՝ հրաժեշտի ողջույն տվեց և ելավ գնաց Մակեդոնիա։ 2 Այդ կողմերում շրջելուց և նրանց բազում խոսքերով մխիթարելուց հետո եկավ հարավային Հունաստան։ 3 Մոտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դեմ դավ նյութվեց, ուստի որոշեց Մակեդոնիայով վերադառնալ։ 4 Եվ նրա հետ մինչև Ասիա գնացին Պյուռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը և Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիներ Տյուքիկոսն ու Տրոփիմոսը։ 5 Սրանք նախապես էին գնացել և մեզ Տրովադայում էին սպասում։ 6 Իսկ մենք Բաղարջակերաց տոնի օրերից հետո նավարկեցինք Փիլիպպեից ու հինգ օրից հասանք Տրովադա՝ նրանց մոտ, որտեղ էլ կանգ առանք յոթ օր։
Պողոսը Տրովադայում. Եվտիքոսի հառնումը
7 Մի շաբաթ օր, մինչ հավաքվել էինք հաց կտրելու, Պողոսը խոսում էր նրանց հետ, և քանի որ հաջորդ օրը գնալու էր, խոսքը երկարեց մինչև կեսգիշեր։ 8 Վերնատանը, որտեղ հավաքված էինք, բազում լապտերներ կային։ 9 Իսկ Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քուն էր մտել։ Երբ Պողոսի խոսքը երկարեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։ 10 Իջնելով՝ Պողոսն ընկավ նրա վրա, նրան իր գիրկն առավ ու ասաց. «Մի՛ խռովվեք, քանի որ սրա հոգին դեռ վրան է»։ 11 Հետո վեր ելավ, հացը կտրեց ու կերավ. և մինչև առավոտ շատ բաներ ևս խոսեց ու ապա մեկնեց։ 12 Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին և մեծապես մխիթարվեցին։
Տրովադայից դեպի Միլետոն
13 Իսկ մենք, նավ նստելով, նավարկեցինք դեպի Ասոն. հույս ունեինք այնտեղից Պողոսին նորից վերցնելու, որովհետև այդպես էր պատվիրել, քանի որ ինքը ցամաքով էր գնալու։ 14 Երբ նա Ասոնում հանդիպեց մեզ, նրան վերցրինք ու եկանք Միտիլինե։ 15 Այստեղից նավարկելով՝ հաջորդ օրը հասանք Քիոսի դիմացը, մյուս օրը՝ Սամոս, հետևյալ օրը՝ Միլետոն, 16 որովհետև Պողոսը մտադիր էր նավարկել Եփեսոսի մոտով, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր, եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմ հասնել։
Գրծ. 20.1-16։

28 Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։ 29 Ինչպես որ գիտեք, նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։
3
Աստծու որդիները

1 Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։
Ա. Հհ. 2.28-3.1։

Ի ծնե կույրի բժշկումը

1 Եվ մինչ անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ 2 Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։ 3 Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։ 4 Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ 5 Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»։ 6 Այս ասելով՝ թքեց գետնին, թքով ու փոշով կավ շինեց, կավը ծեփեց կույրի աչքերին 7 ու ասաց նրան. «Գնա՛ լվացվիր Սիլովամի ավազանում» (որ թարգմանվում է «ուղարկված»)։ Գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր։ 8 Իսկ հարևանները և նրանք, որ նախապես տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր և մուրում»։ 9 Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, այլ պարզապես նման է նրան։ Իսկ ինքն ասում էր՝ ես եմ։ 10 Նրան ասացին. «Իսկ ինչպե՞ս բացվեցին աչքերդ»։ 11 Նա պատասխանեց. «Հիսուս անունով մի մարդ կավ շինեց, աչքերս ծեփեց ու ինձ ասաց. “Գնա՛ Սիլովամ և լվացվի՛ր”։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։ 12 Նրան ասացին. “Ո՞ւր է նա”։ Նրանց ասաց՝ չգիտեմ։ 13 Նրան, որ մի ժամանակ կույր էր, բերեցին փարիսեցիների մոտ 14 (օրը շաբաթ էր, երբ Հիսուսը կավ շինեց և կույրի աչքերը բացեց)։ 15 Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպե՞ս եղավ, որ տեսնում ես»։ Եվ նա ասաց նրանց. «Կավ դրեց աչքերիս վրա, լվացվեցի ու տեսնում եմ»։ 16 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։ 17 Կույրին դարձյալ ասացին. «Իսկ դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»։ Նա ասաց՝ մարգարե է։ 18 Հրեաները չէին հավատում, թե նա կույր էր և բժշկվել էր, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին 19 ու հարցրին նրանց՝ ասելով. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թե՝ “Կույր ծնվեց”. իսկ այժմ ինչպե՞ս է տեսնում»։ 20 Նրա ծնողները պատասխանեցին. «Գիտենք, որ սա մեր որդին է, և որ կույր ծնվեց. 21 բայց թե ինչպե՛ս է այժմ տեսնում, չգիտենք, կամ թե՝ ո՛վ բացեց դրա աչքերը, նույնպես չգիտենք. հենց իրե՛ն հարցրեք. ինքն արդեն չափահաս է, իր մասին ինքը թող խոսի»։ 22 Նրա ծնողներն այսպես ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։ 23 Դրա համար էլ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդեն չափահաս է, հենց իրե՛ն հարցրեք»։ 24 Երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, ու ասացին նրան. «Աստծու առաջ ճշմարտությո՛ւնն ասա. մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ 25 Իսկ նա ասաց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կույր էի և հիմա տեսնում եմ»։ 26 Դարձյալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերն ինչպե՞ս բացեց»։ 27 Նրանց պատասխանեց. «Նոր ասացի ձեզ, և չեք լսում, ինչո՞ւ եք ուզում նորից լսել. մի՞թե դուք էլ եք կամենում աշակերտել նրան»։ 28 Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դո՛ւ եղիր նրան աշակերտ, իսկ մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք։ 29 Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց. իսկ սրան չգիտենք, թե որտեղի՛ց է»։ 30 Մարդը պատասխանեց նրանց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտեք, թե նա որտեղի՛ց է, սակայն իմ աչքերը բացեց։ 31 Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։ 32 Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թե մեկն ի ծնե կույրի աչքերը բացած լինի։ 33 Եթե այդ մարդն Աստծուց չլիներ, որևէ բան անել չէր կարող»։ 34 Պատասխան տվեցին և ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մեջ ես ծնված և դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»։ Եվ նրան դուրս հանեցին։
Հոգու կուրությունը
35 Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։ 36 Նա պատասխան տվեց. «Տե՛ր, ո՞վ է, որ նրան հավատամ»։ 37 Հիսուսը նրան ասաց. «Ե՛վ տեսար նրան, և՛ նա է, ով խոսում է քեզ հետ»։ 38 Ու նա ասաց. «Հավատում եմ, Տե՛ր»։ Եվ երկրպագեց նրան։
Հհ. 9.1-38։
29 Հիսուսը, հեռանալով այդտեղից, եկավ Գալիլեայի լճի եզերքը և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։ 30 Նրան մոտեցավ ժողովրդի մի մեծ բազմություն, որն իր հետ ուներ կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ և ուրիշ շատերի։ Նրանց բերեցին դրեցին նրա ոտքերի առջև, և բժշկեց նրանց։ 31 Ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խոսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկվում, կույրերը՝ տեսնում, և փառք էր տալիս Իսրայելի Աստծուն։
Հացի երկրորդ բազմացումը
(Մրկ. 8.1-10)
32 Հիսուսը, իր մոտ կանչելով աշակերտներին, ասաց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են և ոչինչ չունեն, որ ուտեն։ Նրանց չեմ ուզում քաղցած արձակել, գուցե ճանապարհին ուժասպառ լինեն»։ 33 Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։ 34 Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ նկանակ և քիչ թվով մանր ձկներ»։ 35 Հիսուսը կարգադրեց ժողովրդին, որ նստեն գետնին։ 36 Ապա վերցնելով յոթ նկանակն ու ձկները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ՝ ժողովրդին։ 37 Ամենքը կերան և հագեցան. յոթ լի զամբյուղ էլ մնացած կտորտանքներ հավաքեցին։ 38 Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար տղամարդիկ էին՝ չհաշված կանանց ու մանուկներին։
39 Երբ Հիսուսն արձակեց ժողովրդին, նավակ ելավ և եկավ Մագդաղայի սահմանները։
16
Երկնային նշանի հայցում Հիսուսից

(Մրկ. 8.11-13, Ղուկ. 12.54-56)
1 Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին և փորձելու նպատակով խնդրում էին, որ երկնային մի նշան ցույց տա իրենց։ 2 Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Արևամուտին, չարախոսնե՛ր, երբ տեսնեք, որ հորիզոնը կարմրել է, կասեք. “Վաղը եղանակը լավ պիտի լինի”։ 3 Իսկ առավոտյան, երբ երկինքը կարմրի և մթագնի, կասեք. “Այսօր փոթորիկ պիտի լինի”։ Երբ երկնքին նայելով կարող եք կանխատեսել գալիք եղանակը, ապա չե՞ք կարող ներկա ժամանակների նշանները տեսնելով՝ հասկանալ նրանց իմաստը։ 4 Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի Հովնան մարգարեի նշանից բացի»։ Ապա նրանց թողեց և հեռացավ։
Փարիսեցիների և սադուկեցիների խմորը
(Մրկ. 8.14-21)
5 Աշակերտներն էլ լճի մյուս կողմը գնացին և մոռացան հաց վերցնել։ 6 Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք սադուկեցիների ու փարիսեցիների խմորից»։ 7 Նրանք խորհում էին իրենց մեջ և ասում. «Հաց չվերցրինք»։ 8 Հիսուսն իմացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մտքում խորհում, թե հաց չունեք։ 9 Դեռևս չե՞ք հասկանում և չե՞ք հիշում, որ հինգ նկանակը հինգ հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ 10 Եվ ոչ էլ յոթ նկանակը, որ չորս հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ 11 Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։ 12 Այդժամ հասկացան, որ ասել էր զգուշանալ ոչ թե հացի խմորից, այլ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից։
Մտ. 15.29-16.12։

Երկնային նշանի հայցում Հիսուսից

(Մտթ. 16.1-4)
10 Աշակերտների հետ իսկույն նավակ մտնելով՝ եկավ Դաղմանութայի կողմերը։ 11 Փարիսեցիները եկան և սկսեցին վիճել Հիսուսի հետ։ Նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։ 12 Հիսուսը հոգու խորքից հառաչեց և ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվելու»։ 13 Թողեց նրանց, դարձյալ նավակ նստեց և գնաց լճի մյուս կողմը։
Փարիսեցիների և հերովդեսականների խմորը
(Մտթ. 16.5-12)
14 Աշակերտները մոռացել էին հաց վերցնել և նավակում միայն մեկ նկանակ ունեին իրենց հետ։ 15 Հիսուսը պատվիրեց նրանց և ասաց. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների խմորից և հերովդեսականների խմորից»։ 16 Իսկ աշակերտներն իրենց մեջ խորհում էին և ասում. «Այսպես է ասում, որովհետև հաց չունենք»։ 17 Հիսուսն իմացավ նրանց մտածումը և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր սրտում խորհում, թե հաց չունեք։ Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում։ Ապշությո՞ւնն է պատել ձեր սրտերը։ 18 Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու դեռ չե՞ք հասկանում։ Չե՞ք հիշում, 19 երբ հինգ նկանակով հինգ հազար հոգի կերակրվեցին, իսկ կտորտանքներով լի քանի՞ սակառ հավաքեցիք»։ Նրան պատասխանեցին՝ «Տասներկու»։ 20 «Եվ երբ յոթ նկանակով չորս հազար հոգի կերակրվեցին, կտորտանքներով լի քանի՞ զամբյուղ հավաքեցիք»։ Նրանք պատասխանեցին՝ «Յոթ»։ 21 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Իսկ ինչպե՞ս չեք հասկանում»։
Կույրի բժշկումը
22 Եկան Բեթսայիդա։ Հիսուսի առաջ բերեցին մի կույրի և աղաչում էին, որ դիպչի նրան։ 23 Հիսուսը, բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց, թքով թրջեց նրա աչքերը և ձեռքը դրեց նրա վրա։ Եվ հարցնում էր կույրին, թե որևէ բան տեսնո՞ւմ է։ 24 Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ քայլում են, ինչպես ծառեր»։ 25 Հիսուսը ձեռքերը դարձյալ դրեց նրա աչքերի վրա։ Կույրը բացեց աչքերը և նայում էր, բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։ 26 Հիսուսը նրան իր տուն ուղարկեց և ասաց. «Գյուղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տուն, իսկ երբ գյուղ մտնես, այնտեղ ոչ ոքի չասես»։
Մր. 8.10-26։
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ