Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

Ընտրել շտեմարանից
ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ
Աստված անկենդան աշխարհի Տերն է
1 Երբ Եղիուսը դադարեց խոսելուց,
Տերն ասաց Հոբին փոթորկի ու ամպի միջից.
2 «Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից,
խոսքերը հավաքելով իր սրտում՝
կարծում է, թե ինձնից պահում է դրանք։
3 Տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ.
հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։
4 Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքերն էի գցում։
Ասա՛ ինձ, եթե խելամիտ ես և իմաստուն։
5 Ո՞վ է սահմանել դրա չափը, եթե գիտես,
կամ ո՞վ է լար գցել դրա վրա։
6 Ինչի՞ վրա են հաստատվել դրա օղակները,
ո՞վ է անկյունաքարը դրել դրա վրա։
7 Երբ աստղերը ծնվեցին,
աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ,
իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։
8 Ծովը փակեցի դարպասներով,
երբ այն իր մոր որովայնից ծնվեց ու ելավ։
9 Մեգը նրան իբրև հանդերձ սահմանեցի,
մառախուղը՝ իբրև խանձարուր։
10 Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ,
11 և ասացի. «Մինչև այդ վայրը կգաս ու առաջ չես անցնի.
այդտեղ՝ քո մեջ կխորտակվեն ալիքները քո»։
12 Թե քո՞ կողքին կարգեցի լույսն առավոտի։
Արուսյակը տեսավ իր համար սահմանվածը՝
13 հասնել երկրի թևերի վրա,
թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։
14 Կամ թե դո՞ւ կավն առնելով ստեղծեցիր կենդանի և խոսուն արարածին
և զետեղեցիր երկրի վրա։
15 Մերժեցի՞ր լույսն ամբարիշտներին,
խորտակեցի՞ր բազուկներն ամբարտավանների։
16 Հասա՞ր ծովի ակունքին,
շրջեցի՞ր հետքերն անդունդների։
17 Քո առաջ ահով բացվելո՞ւ են դռները մահվան.
դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։
18 Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքո եղած տարածությանը.
ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։
19 Ո՞րն է այն երկիրը, որտեղ լույսն է օթևանում,
կամ ո՞րն է տեղը խավարի։
20 Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին,
եթե գիտես դրանց ճանապարհները։
21 Գուցե գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնվել.
քո օրերը բազո՞ւմ են։
22 Գնացե՞լ ես շտեմարանները ձյան,
կամ տեսե՞լ ես պահեստները կարկուտի։
23 Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրա հասնելու,
մարտի ու պատերազմի օրվա համար։
24 Որտեղի՞ց է դուրս գալիս եղյամը,
կամ տարածվում հարավային հողմը երկնքի ներքո։
25 Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրևների հոսանքները
և ճանապարհներն ամպրոպների,
26 որ տեղան երկրի վրա,
ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկա,
27 որ հագեցնի անկոխ ու ամայի հողը,
այնտեղ բխեցնի բույսը դալար։
28 Ո՞վ է հայրն անձրևի,
և ո՞վ է, որ ծնել է ցողի շաղերին։
29 Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառույցը,
և ո՞վ է երկնքում եղյամ ծնել,
30 որ ջրի պես հոսելով իջնում է.
ո՞վ է հալեցնում երկնքի երեսը։
31 Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղյանի կարգին,
բացե՞լ ես քողը Օրիոն համաստեղության։
32 Կամ Մազարովթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին,
Գիշերավարին իր վարսերից բռնելով տարե՞լ ես նրանց հետ։
33 Կիմանա՞ս երկնքի բովանդակությունը
կամ առհասարակ երկնքի ներքո տեղի ունեցածները։
34 Ձայնովդ կկանչե՞ս մեգը.
նա էլ, սարսուռով համակված, ջրի հորդությամբ կլսի՞ քեզ։
35 Շանթեր կարձակե՞ս, ու կսլանա՞ն դրանք.
և կասե՞ն քեզ, թե ի՛նչ է սա։
36 Ո՞վ է կանանց տվել ոստայնանկության հմտություն
ու երփներանգ գործվածքներ ստեղծելու շնորհ։
37 Ամպերն ո՞վ է հաշվում իմաստությամբ։
Երկինքն ո՞վ է խոնարհեցրել երկրի վրա,
38 հողը փոշու պես թափել։ Ես եմ կպցրել դա, ինչպես խորանարդ քարերը՝ իրար։
39 Կերակուր կորսա՞ս առյուծների համար,
վիշապների մարմինը կկշտացնե՞ս,
40 Սարսելու են իրենց որջերում
ու դարանակալ նստելու մայրիների անտառում։
41 Ո՞վ է ագռավների համար կեր պատրաստել,
որ նրանց ձագերը Տիրոջն աղաղակեն,
մոլորված՝ ուտելիք խնդրեն։
39
1 Գիտե՞ս քարայծների ծննդաբերության ժամանակը
կամ լավ հետևե՞լ ես եղնիկների երկունքին։
2 Կարո՞ղ ես լրիվ թվել նրանց ծնելու ամիսները,
կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց։
3 Առանց երկյուղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին,
նրանց զերծ պահել երկունքի ցավերից։
4 Կփախչե՞ն նրանց ձագերը,
ծնելով կբազմանա՞ն,
դուրս կգան ու այլևս չեն վերադառնա։
5 Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ,
ո՞վ է արձակել կապանքները նրա։
6 Նրան իբրև կայան սահմանել եմ առապարները,
իբրև բնակավայր՝ աղուտները։
7 Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին
ու չի լսում մեղադրանքները հարկահանների։
8 Դիտում է իր լեռնոտ արոտավայրերը
ու շրջում է՝ ամեն դալարիք փնտրելու։
9 Միեղջերուն հոժար կլինի՞ ծառայելու քեզ
կամ հանգստանալու քո մսուրի մեջ։
10 Չվանով նրան լուծ կկապե՞ս,
կամ նա ակոս կքաշի՞ քո դաշտում։
11 Հույսդ կդնե՞ս նրա վրա,
քանի որ նրա զորությունը մեծ է,
նրան կթողնե՞ս գործերդ քո բոլոր։
12 կհավատա՞ս, որ սերմանվելիքներդ փոխհատուցելու է
ու հավաքելու քո կալում։
13 Թռչող սիրամարգերի թևե՜րը.
մի՞թե արագիլն ու ջայլամը չեն բեղմնավորվի.
14 որովհետև ջայլամն իր ձուն ածում է երկրի վրա,
հողով տաքացնում
15 ու մոռանում, թե ո՛ւր է ցրել,
և անապատի գազանները կոխոտում են այն։
16 Նա հեռանում է իր ձագերից,
կարծես իրենը չլինեն դրանք.
իր վաստակի կորստյան վախը չունի նա,
17 որովհետև Աստված նրանից վերցրել է իմաստությունը
և խելքի բաժին չի տվել նրան։
18 Բայց երբ դեպի վեր ու բարձունքներ բարձրանա,
կծիծաղի երիվարի ու նրա հեծյալի վրա։
19 Մի՞թե դու ես ձիուն օժտել զորությամբ,
պարանոցին զրահ հագցրել,
20 վրան սպառազինություն գցել,
նրա լանջը փառավորել խիզախությամբ։
21 Որոտում է դաշտում ու դոփում,
զորությամբ դուրս է գալիս դաշտ։
22 Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է,
թրի առաջ էլ չի նահանջում։
23 Նրա վերևում շողշողում են աղեղն ու սուրը,
շարժվում վահանն ու նիզակը։
24 Իսկ ինքը բարկությամբ ապականում է երկիրը։
Չի հավատում, մինչև փողը չհնչի։
25 Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։
Հեռվից է առնում պատերազմի հոտը՝
սուրալով ու փնչացնելով։
26 Քո խելքի՞ց է բազեն թևերը տարածելով կանգնած մնում օդում՝
անշարժ դիտելով հարավի կողմը,
27 կամ քո՞ հրամանով է արծիվը բարձրանում,
իսկ անգղը նստում հանգստանում է իր բույնի վրա,
28 քարանձավներում ու ծածուկ տեղերում։
29 Այնտեղ է մնում ու կեր է փնտրում։
Նրա աչքերը դիտում են հեռվից,
30 իսկ նրա ձագերն արյան մեջ են թաթախված։
Ուր որ դիակ գտնեն, իսկույն այնտեղ են հայտնվում»։
Հոբ 38.1-39.30։
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ