Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

Ընտրել շտեմարանից
ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ
Աստծու ողորմությունը բոլոր մարդկանց
25 Չեմ ուզում, եղբայրնե՛ր, որ այս խորհրդին անտեղյակ լինեք, որպեսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնեք. Իսրայելի մեկ մասի վրա կուրություն եկավ, մինչև որ հեթանոսների ամբողջությունը մտնի, 26 և ապա ամբողջ Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է. «Սիոնից պիտի գա Փրկիչը և Հակոբի սերնդից պիտի հեռացնի ամբարշտությունները։ 27 Եվ իմ կողմից սա կլինի ուխտը նրանց հետ, երբ կջնջեմ նրանց մեղքերը»։
28 Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր օգտի համար, բայց ընտրության տեսանկյունից՝ սիրելի՝ իրենց հայրերի շնորհիվ։ 29 Քանի որ Աստծու պարգևներն ու կոչումն անդառնալի են։ 30 Ինչպես որ դուք մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն և հիմա ողորմություն գտաք նրանց անհնազանդությամբ, 31 այնպես էլ նրանք հիմա անհնազանդ եղան ձեր գտած ողորմության պատճառով, որպեսզի իրենք ևս ողորմություն գտնեն։ 32 Քանզի Աստված բոլորին անհավատության մեջ արգելափակեց, որպեսզի բոլորին էլ ողորմի։
Փառաբանություն Աստծուն
33 Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։ 34 Որովհետև «ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, կամ ո՞վ նրա խորհրդատուն եղավ, 35 կամ ո՞վ նրան փոխ տվեց, որ նրանից փոխարենը հետ վերցնի»։ 36 Որովհետև ամեն ինչ նրանից, նրանով և նրա համար է։ Հավիտյանս փա՜ռք նրան։ Ամեն։
Հռ 11.25-36։

Հիսուսը քայլում է ծովի վրայով

(Մրկ. 6.45-52, Հովհ. 6.15-21)
22 Հիսուսն իսկույն ևեթ հանձնարարեց իր աշակերտներին նավակ նստել և անցնել լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ 23 Ժողովրդին արձակելուց հետո լեռը բարձրացավ՝ առանձին աղոթք անելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, 24 իսկ նավակը ցամաքից բավական հեռացել էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին դիմացից էր։ 25 Գիշերվա չորրորդ հերթափոխին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ 26 Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, այլայլվեցին և ասացին՝ ուրվական է, և վախից աղաղակեցին։ 27 Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։ 28 Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ 29 Նա ասաց՝ ե՛կ։ Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։ 30 Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ 31 Հիսուսը ձեռքն իսկույն երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ 32 Երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց։ 33 Եվ ովքեր նավակի մեջ էին, մոտեցան երկրպագեցին նրան և ասացին. «Իսկապե՛ս Աստծու Որդին ես դու»։
Բժշկումներ Գեննեսարեթում
(Մրկ. 6.53-56)
34 Ապա անցան և ցամաք ելան Գեննեսարեթում։ 35 Երբ տեղի բնակիչները Հիսուսին ճանաչեցին, մարդիկ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին։ 36 Եվ նրան աղաչում էին, որ գոնե նրա հագուստի քղանցքին միայն դիպչեն, և ովքեր դիպան, փրկվեցին։
Մտ 14.22-36։
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ