Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

Ընտրել շտեմարանից
ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ
Ամեն ինչ ընդհանուր
32 Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերն իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։ 33 Առաքյալները մեծ զորությամբ վկայություն էին տալիս Տեր Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Ու նրանց բոլորի վրա մեծամեծ շնորհներ կային։ 34 Եվ նրանց մեջ ոչ ոք մի բանի կարոտ չէր, որովհետև, ովքեր ագարակների կամ ապարանքների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը բերում-դնում էին 35 առաքյալների տրամադրության տակ, նրանք էլ բաշխում էին յուրաքանչյուրին, ում ինչքան պետք էր լինում։
Բառնաբասի ազնիվ արարքը
36 Այդպես արեց նաև Հովսեփը, որ ղևտացի էր և կիպրացի, և որն առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ թարգմանվում է «մխիթարության որդի»), 37 մի ագարակ ուներ. վաճառեց այն և գումարը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։
5
Անանիայի և Սափիրայի կեղծիքը

1 Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ մի ագարակ վաճառեց 2 և նրա գումարից մի մաս կնոջ իմացությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։ 3 Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր. 4 չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, վաճառելիս նույնպես կարող էիր գումարը պահել քեզ։ Ինչպե՞ս եղավ, որ սրտիդ մեջ այս բաները դրեցիր. մարդկանց չստեցիր, այլ Աստծուն»։ 5 Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց, և մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր այս բանը լսեցին։ 6 Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։ 7 Շուրջ երեք ժամ անցնելուց հետո նրա կինը, որ չգիտեր կատարվածի մասին, ներս մտավ։ 8 Պետրոսը դիմեց նրան. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»։ Եվ նա պատասխանեց. «Այո՛, այդչափ»։ 9 Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար միաբանեցիք՝ փորձելու Տիրոջ Հոգին։ Ահա դռան մոտ են ամուսնուդ թաղողները, որոնք քեզ էլ հիմա դուրս կհանեն»։ 10 Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։
Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտնելով՝ հանեցին ու թաղեցին իր ամուսնու մոտ։ 11 Եվ մեծ վախ ընկավ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրա, ովքեր այս բանը լսեցին։
Գրծ 4.32-5.11։

Անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ

1 Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։
2 Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ շորերով, 3 և դուք ավելի ուշադրություն դարձնեք շքեղ զգեստներ ունեցողին և ասեք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատվո տեղը», կամ թե՝ «Եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ», իսկ աղքատին, թե՝ «Ոտքի՛ կանգնիր այդտեղ», 4 այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի և չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։
5 Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։
6 Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։
7 Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչված եք դուք։
8 Բայց եթե կատարում եք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ», լավ եք անում։
9 Իսկ եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ իբրև օրինազանցներ դատապարտվելով օրենքից։
10 Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին. 11 որովհետև նա, ով ասաց, թե՝ «Չպիտի սպանես», նաև ասաց, թե՝ «Եվ չպիտի շնանաս», քանզի, եթե չսպանես, բայց շնանաս, հանցավոր կլինես օրենքի առաջ։
12 Այնպե՛ս խոսեք ու գործեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, 13 քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։
Հկ 2.1-13։

Հիսուսը երևում է իր աշակերտներին Գալիլեայում

1 Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ։ Եվ հայտնվեց այսպես։ 2 Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը՝ Գալիլեայի Կանա քաղաքից, Զեբեդյան եղբայրները և աշակերտներից ուրիշ երկու հոգի միասին էին։ 3 Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին, նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ 4 Վաղ առավոտյան Հիսուսը կանգնած էր ծովեզերքին, բայց աշակերտները նրան չճանաչեցին։ 5 Հիսուսը նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։ 6 Նրանց ասաց. «Ուռկանը նավակի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ 7 Այն աշակերտը, որին սիրում էր Հիսուսը, Պետրոսին ասաց. «Տերն է»։ Սիմոն Պետրոսը, լսելով, որ Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն ծովի մեջ նետեց։ 8 Մյուս աշակերտները նավակով եկան, և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարյուր կանգունի չափ միայն, սկսեցին քաշել ուռկանը ձկներով հանդերձ։ 9 Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ՝ վրան ձուկ ու հաց։ 10 Հիսուսը նրանց ասաց. «Բերե՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ 11 Սիմոն Պետրոսը նավակ մտավ ու ցամաք հանեց ուռկանը, որ լիքն էր հարյուր հիսուներեք շատ մեծ ձկներով։ Թեև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռվեց։ 12 Հիսուսը նրանց ասաց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե՝ դու ո՞վ ես, որովհետև արդեն գիտեին, որ Տերն է։ 13 Հիսուսը եկավ, հաց ու ձուկ վերցրեց և տվեց նրանց։ 14 Սա երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։
Հհ 21.1-14։
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ